Չնայած որ վերջին ժամանակներս Ռուսաստանի եւ Թուրքիայի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ հնչեցին, ինչը վատացրեց երկու երկրների քաղաքական հարաբերությունները, դա չի անդրադառնա նրանց երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ վաղուց քաղաքական սերտ հարաբերություններ չկան:  Նախագահ Պուտինի եւ կառավարության հասցեին թուրք պաշտոնյաների խոսքերը չազդեցին Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա, բայց կողմերը երբեք չեն խոսել տնտեսական կապերը խզելու մասին:

Թուրքիան առեւտրատնտեսական պլանում կախում ունի Ռուսաստանից, Անկարային ձեռնտու չէ Մոսկվայի հետ կապերը խզելը կամ իրադրությունը սրելը.  «Էրդողանի կառավարությունն  ամեն ինչ կանի, որպեսզի քաղաքական հարաբերությունները չազդեն առեւտրատնտեսականի վրա: Նադեին-Ռաեւսկին նշել է, որ առեւտրատնտեսական կապերի դադարեցման մասին խոսք չկա:

Անդրադառնալով ռուսական ինքնաթիռի հետ կապված վերջին միջադեպին՝ Նադեին-Ռաեւսկին հիշեցրել է, որ այն Ռուսաստանի կողմից բացասական արձագանքի  արժանացավ եւ հանգեցրեց ռուս-թուրքական հարաբերությունների վատացմանը. «Ռուսական կողմը ոչ մի խախտում չէր արել, իսկ Թուրքիային ոչ մի Անվտանգության խորհուրդ միջազգային ժանդարմի դերով հանդես գալու իրավասություն չէր ընձեռել: Այնուամենայնիվ, Թուրքիան սիրում է չունեցած գործառույթներ իրեն վերագրել: Դա էլ զգալի սառեցրեց հարաբերությունները»:

Հիշեցնենք, դեկտեմբերի 3-ին  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով մեկնել էր Թուրքիա: Կողմերը տնտեսական ոլորտում համագործակցության մի շարք համաձայնագրեր էին ստորագրել: