Ինչպես արդեն հայտարարվել է, դեկտեմբերի 5-6-ը տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել, որը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցելությունը մի քանի նպատակ ունի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրում է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Նախ, հաստատել եվրոպական գաղափարները եւ պրոցեսները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը:
Երկրորդ, ծանոթանալ Եվրոպական խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ եւ քննարկել հետագա համագործակցությունը:
Երրորդ, Եվրոպայի ղեկավարներից լսել նրանց տեսակետները Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, ինչպես նաեւ բարեփոխումների հեռանկարի մասին:
Չորրորդ, եվրոպացի պաշտոնյաներին ներկայացնել կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը եւ քաղաքականությունը՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ արտաքին հարցերի շուրջ: Այստեղ կշեշտադրվեն կուսակցության դիրքորոշումները տնտեսական քաղաքականության, եվրոպական ինտեգրացիայի, հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ»,- գրել է նա:





























