Բնակավայրերում կանաչ տարածքների վնասման կամ ոչնչացման դեպքում գանձվող տուգանքները կփոխվեն: ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 4-ին սկսել է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագծի քննարկումը:
Գործող օրենսգրքով՝ կանաչ տարածքների վնասումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկով (100 հազ. դրամ), կամ հարյուրհիսունապատիկով՝ եթե խախտում իրականացրել է պաշտոնատար անձը;
Կառավարությունն առաջարկում է այս հոդվածը խմբագրել հետեւյալ կերպ: Հարյուր հազար դրամով պետք է տուգանվեն այն անձինք, որոնք վնասել են կանաչ տարածքը, կամ այն պաշտոնատար անձինք, որոնք համապատասխան միջոցներ ձեռք չեն առել իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ տարածքների պահպանման համար:
Հաջորդ փոփոխությամբ սահմանվել է կանաչ տարածքի ոչնչացման համար տուգանք՝ 50-200 հազ. դրամի սահմաններում: Այդ պատժաչափը պետք է գործի նաեւ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնների խախտման դեպքում:
Ի քանի պատգամավորներ մտահոգություններ հայտնեցին, որ տուգանքների մարժան՝ 20-200 հազ. դրամ, շատ մեծ է: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ իրավաբանորեն շատ դժվար է հիմնավորել նման մարժաների սահմանումը, սակայն բոլոր դեպքերում՝ պատժաչափը պետք է զսպաշապիկ հանդիսանա: Իսկ եթե ժամանակի ընթացքում սահմանված պատժաչափերը չարդարացնեն իրենց, ապա, ըստ Հ. Թովմասյանի, դրանք պետք է նորից վերանայել:



























