Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին քարոզչական ճակատում պատասխան է պատրաստում: Այս շաբաթ կառավարությունում կձեւավորի հասարակայնության հետ կապերի հատուկ բաժին: Այդ որոշման դրդապատճառը վերջին երկու շաբաթներին արեւմտյան առաջատար լրատվամիջոցներում Վրաստանի նորընտիր իշխանություններին վերաբերող քննադատական հոդվածներն են:
Բաժինը կգլխավորի 40-ամյա հայտնի քաղաքագետ Վալերիան Գորգիլաձեն, որը ղեկավարել է «Տերրա մեդիա» վերլուծական խումբ» ՀԿ-ն, հայտնում է «Իզվեստիա» թերթը:
Հրատարակչությունը գրում է, որ հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո «Վրացական երազանքը» դադարեցրել է պայմանագրերը արեւմտյան լոբբիստների հետ: Նախքան ընտրությունները միլիարդատերը վարձել էր այնպիսի ընկերությունների քաղաքական տեխնոլոգների, ինչպիսիք են National Strategies-ը, Patton Boggs-ը: Բացի դրանից, քաղաքական գործչի դրական իմիջի համար ԱՄՆ-ում պատասխանատու էին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Թոմաս Ռիդը եւ Եգիպտոսում Բարաք Օբամայի նախկին հատուկ պատվիրակ Ֆրենկ Վիզները: Լոբբիստներ են աշխատել նաեւ Եվրոպայում:
«Վրացական երազանքն» առանց PR մասնագետների բախվեց խնդիրների: Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավար Մայա Փանջիկիձեն օրերս ԱՄՆ կատարած իր այցի մի մասը նվիրել էր ամերիկյան քաղաքական գործիչներին եւ լրագրողներին այն հարցի պարզաբանմանը, որ Սահակաշվիլիի թիմի ազդեցիկ անձանց կալանավորելը չպետք է քաղաքական հետապնդում համարել:
Հիշեցնենք, ավելի վաղ Իվանիշվիլին Սահակաշվիլիին մեղադրել էր արտասահմանում ոչ ճշգրիտ տեղեկություն տարածելու մեջ, ինչպես նաեւ կասկածել էր, որ արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակվող հոդվածները ֆինանսավորվում են Ազգային անվտանգության խորհրդի բյուջեից, որըկառավարում է երկրի նախագահի թիմի անդամ Գիգա Բոքերիան:




























