Մեծամասնական ընտրատարածքում քվեարկել են ոչ թե Ստեփան Սաֆարյանի օգտին, այլ 10 հազար դրամի համար: Նման տեսակետ այսօր՝ դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի PR-ասոցիացիայի նախագահ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով թիվ 1 ընտրատարածքում կիրակի օրը կայացած ընտրությունները:
Ըստ Քոչարյանի՝ դժվար է հիշել թեկուզ մեկ դեպք, երբ մեծամասնականով անցած լինի հայտնի քաղաքական գործիչ, այն էլ՝ ընդդիմադիր հայացքների տեր: «Ցույց տվեք ինձ նման թեկուզ մեկ դեպք վերջին տասը տարիներին՝ չհաշված մեկ-երկու բացառությունները: Մեր ժողովուրդը փողը գերադասում է «լուսավոր ապագայից»: այդ փողերը նրանք իրական ստանում են: Դա նրանց համար ավելի կարեւոր է», – նշել է քաղաքական տեխնոլոգը:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, լրացուցիչ ընտրություններում իշխող կուսակցության քիչ հայտնի թեկնածուն հաղթել է նախորդ գումարման խորհրդարանի ակտիվ պատգամավոր, ընդդիմադիր Ստեփան Սաֆարյանին:





























