Կայանալիք ընտրությունների սցենարիստները պետք է  լավ աշխատեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա խոսքով՝ ոչ մի ընտրություն չպետք է զուրկ լինի անսպասելիության տարրից:

«Օրինակ բերեմ ֆուտբոլից. մի՞թե «Բարսելոնայի» խաղն այդքան կլանված կնայեինք, եթե դրա տարվելու հավանականությունը չլիներ:  Ընտրությունները եւս անսպասելի են», – ասել է Արշակյանը: Ըստ նրա՝ նույնը վերաբերում է նախագահական ընտրություններին, թեկուզեւ՝ ամենականխատեսելի  ելքով:

Խոսելով  ընտրությունների ինտրիգի մասին՝ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր հերթին նշել է, որ «Բարգավաճ Հայաստանը» դեռեւս նախագահական ընտրությունների հետ կապված իր ծրագրերը չի հայտնել, տեսականորեն դա կարող է անել ցանկացած պահի: «Գուցե եւ փետրվարի 20-ին», - կատակով հավելել է նա (հիշեցնենք, որ ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրությունները կնշանակվեն փետրվարի 19-ին): «Իհարկե, գոյություն ունի նախընտրական քարոզարշավ, որը պետք է տեւի գոնե մեկ ամիս: Մինչ այդ  որոշման մասին պետք է հայտնել», – եզրակացրել է նա: