Մեր երկրի իշխանությունները ճիշտ կանեին ժողովրդին ազատ ընտրության հնարավորություն տային: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունից Հայաստանի նախորդ գումարման խորհրդարանի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ մեկնաբանելով կիրակի օրը կայացած լրացուցիչ ընտրությունների արդյունքները:
«Ես ոչ մի վատ բան չեմ ասի, այլ կփորձեմ լավատես լինել եւ ինչ-որ հույս տալ մեր ժողովրդին», - հավելել է Բախշյանը: Ըստ նրա՝ հայ հասարակությունը գտնվում է անելանելի եւ հուսահատ վիճակում, քանի որ չի գնում ընտրությունների: «Բոլոր կայացած հասարակություններում իշխանությունը եւ ընդդիմությունը ծնունդ են տալիս մեկը մյուսին, սակայն մեր իրականության մեջ, ցավոք, դա այդպես չէ: Ընդդիմությունը պետք է լինի պետական օրգանիզմի նյարդային համակարգը, որպեսզի զգուշացնի ցանկացած վտանգի մասին: Սակայն մեր երկրում ամեն ինչ հենց սկզբից այլ կերպ է ընթացել», - ասել է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավորը:
Խոսելով կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ Բախշյանը նշել է, որ չնայած ոչ մի լավատեսություն չի զգում, իր թեկնածության առաջադրման մասին արդեն հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պետության ղեկավարի պաշտոնի միակ արժանի հավակնորդն է, քանի որ շատ արդար է եւ երկրին նվիրված:





























