ՀԴԲ-ն եւ Սքոթլանդ Յարդը ստուգում են Սադամ Հուսեյնի վարտիքով լուսանկարի ծագումը, որը հրապարակել է The Sun-ը:

Ինչպես գրում է The Independent-ը՝ վկայակոչելով բրիտանական խորհրդարանի անդամին, Իրաքի գերեւարված բռնապետ Սադամ Հուսեյնի լուսանկարը ձեռք բերելու համար, The Sun տաբլոիդը կաշառել է ամերիկացի զինծառայողին:

Լուսանկարն արվել է 2005 թվականին: Նույն թվականի մայիսին լուսանկարը հայտնվել է The Sun-ում եւ New York Post-ում, որոնք Ռուփերթ Մերդոքի մեդիակայսրության կազմում են:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ, լեյբորիստ Քրիս Բրայանթը պնդում է, որ The Sun-ի լրագրողները լուսանկարի համար վճարել են բռնապետի ամերիկացի բանտապահին: Արդյունքում օրիգինալ լուսանկարով համակարգիչը ոնչացրել են, հաղորդում է Lenta.ru-ն:

The Sun թերթը 2011 թվականից ի վեր գտնվում է սկանդալի կենտրոնում. նրա լրագրողները The News of The World-ի աշխատակիցների հետ միասին, որը նույնպես պատկանում է Մերդոքին, մեղադրվում են պաշտոնատար անձանց կաշառելու եւ հեռախոսներն ապօրինաբար գաղտնալսելու մեջ: Այդ մեղադրանքների պատճառով ստիպված են եղել փակել The News of the World-ը: