Նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը կգնա միասնական ծրագրով եւ այս իշխանություններին 100 տոկոսով կուղարկի տուն:Այս մասին այսօր`դեկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: «Հեսա կերեւա»,- ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով, երկու շաբաթից ՀԱԿ-ը կհայտարարի իր վերջնական որոշման մասին: Լրագրողների հարցին, թե ինչու մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը հետաձգվեց, ասաց, որ խնդիր առաջացավ, թե սա քաղաքական հարց է եւ դա անում են ընտրությունների համար: «Իհարկե, սա քաղաքական հարց է: Մինչեւ իշխանափոխություն չլինի մարտի 1-ը չի բացահատվի»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Գագիկ Ջհանգիրյանը չգիտի այդ մասին, ասաց, որ գիտի պարզապես փաստեր կան, որ պետք է ֆիքսվեն: Իսկ, երբ լրագրողները հարցրեցին, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին իր տանից դուրս չեկավ, Եղիազարյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը թիկնազորը հանել էր, եւ առաջին նախագահին ասել էին, եթե դուրս գաս կխփեն:
«Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի տնային կալանքի տակ է եղել: Ավտոմատով եւ գնդացիրներով զինված սրիկաներ են եղել»,- ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը: Նա նաեւ ասաց, որ եթե ասեն, որ մարտի 1-ին տասը մարդ է սպանվել ինքը կասի, որ տասը չեն, քանի որ իր կողքը մարդիկ են ընկել, որոնց մահացածների մեջ չի տեսել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























