Հայաստանին շատ լավ եւ արդյունավետ նախագահական ընտրություններ են սպասվում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Նա նշել է, որ իշխող կուսակցությունը սակարկությունների կարիք չունի: «Մենք ոչ մի տեսակի խաղ չենք խաղում, ինչպես անում են քաղաքական որոշ գործիչներ: Մեր թեկնածուն կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, եւ մեզ չի հուզում այլ թեկնածուների առաջադրումը»: Եսայանը նաեւ հավելել է, որ ընդդիմության ներսում համերաշխություն եւ համաձայնություն չկա, որի վառ օրինակը 2008թ. մարտի 1-ի դեպքերը հետաքննելու նպատակով խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի քննարկումն է: «Մեր ժողովրդի ներկա հուսահատ վիճակի համար մեղավոր է նաեւ ընդդիմությունը: Սակայն մեր հայրենակիցներին պետք է լավատեսություն եւ երկրի ավելի լավ ապագայի հանդեպ հավատ ներշնչել»,- ամփոփել է Մարգարիտ Եսայանը:




























