ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմը Պարսից ծոցի տարածքում ոչ մի անօդաչու թռչող սարք չի կորցրել, հայտնել են ամերիկյան ռազմածովային ուժերի հրամանատարությունում:

Ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչը, Reuters-ի հաղորդմամբ, ասել է, որ Մերձավոր Արեւելքում գործող բոլոր անօդաչու թռչող սարքերը հաշվառված են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում: «Պարսից ծոցի վերեւում դրանց թռիչքները կատարվում են միայն միջազգային օդային տարածքում: Ոչ մի ապացույց չկա, որ մենք թռչող սարք ենք կորցրել», - ասել է նա:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի ստորաբաժանումները Պարսից ծոցի տարածքում գրավել են  «ScanEagles» ամերիկյան անօդաչու թռչող սարքը, երբ վերջինս մտել է Իրանի օդային տարածք:

«ՌԻԱ Նովոստի»ն հայտնում է, որ իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը կադրեր է տարածել, որտեղ իրանցի երկու սպա զննում են այն սարքը, որը նրանք անվանում են  ScanEagle-ի անօդաչու թռչող սարք: