Ադրբեջանական կողմը տարվա վերջին «ճշգրտում է» իր Զինված ուժերում կորուստների ցուցանշները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հերթական հաղորդագրությունը՝ ականի վրա սպայի պայթելու մասին:
Նշենք, որ վերջին երեք շաբաթում սա արդեն ականի վրա պայթելու 4-րդ դեպքն է: Փորձագետի խոսքով, «պայթյունի վրա պայթելը» կորուստները դուրս գրելու «ամենահաջող» միջոցներից մեկն է: «Հակառակորդի գործողությունների արդյունքում ստացված վնասվածքները կամ ոչ կանոնադրական հարաբերությունները շատ հարցերի տեղիք են տալիս: Իսկ այսպես ամեն բան վերագրվում է «պատահական ականներին» եւ գործը փակվում է»,-ասաց Արկադի Գրիգորյանը:
Նրա խոսքով, տարվա վերջին ադրբեջանական կողմը «ճշգրտում է » իր զինված ուժերում կորուստների տվյալները. «Կան կորուստներ եւ պետք է դրանք ինչ-որ կերպ բացատրել: Բացի այդ, ականների պայթյունների մեծ մասը ձախողված դիվերսիաների եւ կարգապահության խխտումների հետեւանք են»,-ասաց նա:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի բանակի սպա Փարվիզ Իսմայիլովը, Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում, Աղդամի ուղղությամբ պայթել է ականի վրա: Նա տեղափոխվել է հիվանդանոց, սպայի վիճակը բավարար է գնահատվում:





























