Ստամբուլի սեւծովյան ափից քիչ հեռու խորտակվել է  Volgo Balt 199 բեռնանավը, որն ածուխ էր տեղափոխում: Նավի անձնակազմում կային 11 ուկրաինացի եւ մեկ ռուս:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ բեռնանավի անձնակազմի երեք անդամներ փրկվել են: Նավաստիներից մեկը վախճանվել է ուղղաթիռում՝ հիվանդանոցի ճանապարհին: Անձնակազմի մյուս անդամների որոնումները շարունակվում են:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Ստամբուլի նահանգապետ Ավնի Մութլուին, հայտնում է, որ փրկարարները ջրում հայտնաբերել են Volgo Balt 199-ի եւս մեկ նավաստու մարմին:

Գերատեսչության ղեկավար Սալիհ Օրաքչին NTV հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ խորտակված նավից SOS ազդանշաններ չի ստացվել: Կապը նավի հետ ընդհատվել էր  տեղական ժամանակով  10.20-ին, հայտնել են  Solna Denizcilik ընկերության ներկայացուցիչները: 

Ըստ ստացված տեղեկության՝ այդ նույն շրջանում խորտակվել է նաեւ անձնակազմի 14 անդամ ունեցող մեկ այլ  բեռնանավ, որի պատկանելությունը չի պարզվել:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները խոչընդոտում է անբարենպաստ եղանակը: Դեկտեմբերի 3-ի երեկոյից Ստամբուլում եւ դրա շրջակայքում մոլեգնում է  տարերքը: Ըստ լրատվամիջոցների՝ 80 կմ/ժ արագությամբ ուժեղ քամին պոկել է տների ծածկերը, արմատախիլ արել ծառեր Մարմարա ծովի շրջակայքում: