Երեւանի մետրոյում արտաքին գովազդից ստացվող եկամուտը վերջին 4 տարում աճել է տարեկան 70 մլն դրամից հասնելով 400 մլն դրամի (շուրջ 1 մլն դոլար): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Երեւանի մետրոպոլիտեն» ընկերության գլխավոր տնօրեն Փայլակ Յայլոյանը:
«Շարժասանդուղքի երկայնքով եւ հարթակներում բաներների տեղադրումը մեր եկամտի նկատելի աղբյուրներից մեկն է դարձել: Որոշակի գումարներ ենք ստանում նաեւ մետրոյի կայարանների սահմաններում գտնվող խանութներից»,-ասաց նա, հավելելով, որ դեպի մետրոյի կայարաններ տանող ստօրգետնյա անցումներն, արդեն մետրոն չի վերահսկում:
«Օրինակ «Բարեկամություն» կայարանի օղակաձեւ ստորգետնյա անցումի խանութների վարձավճարը մեզ չի հասնում»,-ասաց Յայլոյանը:
Բացառության կարգով, մետրոպոլիտենը ժամանակավորապես կկառավարի այն խանութները, որոնք ներկայումս կառուցվում են «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ՝ Նալբանդյանի փողոցի տակ:
Յայլոյանի ներկայացմամբ, մետրոպոլիտենը որոշել է իր ձեռքը վերցնել դրանց շեֆությունը, որպեսզի բարեկարգի անցումը: «Նախկինում, ինչպես գիտեք, այն գտնվում էր անբավարար սանիտարական վիճակում: Նաեւ այդ պատճառով են այդտեղ խանութներ կառուցում: Հիմա եւ մաքուր կլինի եւ մենք կհամալրենք մեր բյուջեն»,-ամփոփեց Յայլոյանը:
Նշենք, որ «Երեւանի մետրոպոլիտեն» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանն է:




























