Թեեւ Արեւմուտքի հավաստիացումներին, Patriot հրթիռային համալիրները, որոնք Թուրքիան մտադիր է տեղակայել Սիրայի հետ սահմանի երկայնքով՝ պաշտպանական նպատակներով, կարող են վերաբազավորվել ցանկացած ուղղությամբ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային էկոնոմիկայի եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

«Մենք ամեն բան հրաշալի հասկանում ենք, որ պաշտպանողական համակարգերը կարող են ուղղվել ցանկացած ուղղությամբ, ինչքան էլ մեր «գլուխը արդուկեն» Արեւմուտքի մեր գործընկերները: Դրա համար էլ Ռուսաստանը միշտ դեմ է հանդես եկել պաշտպանական ներուժի ուժեղացմանը»,-նշեց նա:

Փորձագետի փոխանցմամբ, պաշտպանական ներուժը չափից դուրս կարեւոր հաղթաթղթեր է տալիս պոտենցիալ ագրեսորի ձեռքը, ուստի Ռուսաստանը միշտ հակահրթիռային պաշտպանության համակարգերի չտարածման հարցում շատ խիստ դիրքորոշում է ունեցել, նույնը վերաբերում է նաեւ Patriot համալիրներին:

«Թեեւ բոլորին է հայտնի, որ ով-ով, բայց Սիրիան մտադիր չէ հարձակվել Թուրքիայի վրա, ավելին, եթե նույնիսկ եղել են նման միջադեպեր, ապա ոչ ոք չի փորձել հետաքննել դրանք: Որպես կանոն, այդ միջադեպերը ոչ մի կերպ չեն բխել սիրիական կողմի շահերից»,-ասացթուրքագետը: