Այսօր Համաշխարհային բանկը տոնում է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության 20-րդ տարեդարձը, որը Հայաստանի երեխաների, կանանց եւ տղամարդկանց կյանքի պայմանների բարելավման վրա էապես ներազդած գործընկերություն է: Տոնակատարությանը մասնակցում են բազում գործընկերներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսի ու բանկային համակարգի ներկայացուցիչներ, ծրագրերի իրականացման գրասենյակներ, վերլուծական կենտրոններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ լրատվամիջոցներ:

Անկախությունից ի վեր, 90-ականների մեկնարկով, Հայաստանի տնտեսությունը արմատական փոփոխության է ենթարկվել: Կայուն աճը, հավակնոտ բարեփոխումները, արտաքին կապիտալի ներհոսքն ու փոխանցումները ստեղծել են շուկայամետ միջավայր, որը առեւտրի, կապիտալի ու տեխնոլոգիական նորարարությունների նկատմամբ շատ ընկալողունակ է:

12 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ մեկնարկած գործառնությունը նպատակ ուներ աջակցել տնտեսական բարեփոխումներին, որով հաստատված զարգացման գործընկերոջ համբավը Համաշխարհային բանկը պահպանել է վերջին երկու տասնամյակի ընթացքում իրականացրած 1.6 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 57 գործառնությունների միջոցով:

«Սա բանկի համար շոշափելի ձեռքբերում է եւ մենք հպարտ ենք Հայաստանի ժողովրդին ծառայություն մատուցելու կապակցությամբ,» ասաց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: «Վերջին երկու տասնամյակում Հայաստանը երկար ճանապարհ է անցել: Ի շնորհիվ ՀՀ Կառավարության 1990-ականներից մեկնարկած բարեփոխումների շարունակականությանը երկիրը կարողացել է մեծացնել իր քաղաքացիների եկամուտները, բարելավել տրանսպորտային համակարգն ու ենթակառուցվածքները, ինչպես նաեւ կրճատել աղքատությունը:  Բայցեւայնպես, երկիրը գլոբալ ֆինանսատնտեսական եւ եվրոգոտու ճգնաժամից հետո շարունակում է դիմագրավել սոցիալ-տնտեսական մարտահրավերներին: Այս բոլոր փոփոխությունների ճանապարհին Համաշխարհային բանկը շարունակել է Հայաստանում իր ներգրավվածությունը՝ ձեւավորելով կայուն գործընկերություն, թե´ բարենպաստ, թե´ անբարենպաստ ժամանակահատվածներում»:

2012 թվականի աշնանը իրականացված «Երկրի հաճախորդների ուսումնասիրության» համաձայն Հայաստանում Համաշխարհային բանկի գործառնության արդյունավետության ընդհանուր գնահատականը 7.6 /10-ից/ միավոր է կազմում, իսկ շահառուների նկատմամբ բանկի վերաբերմունքը գնահատվել է 8.6 միավոր եւ վերջապես աշխատակիցների պատրաստակամությունը՝ 8.3 միավոր: Ապագային հայացքն ուղղելիս հարցվածները միջինում Հայաստանի զարգացման խճանկարում Համաշխարհային բանկի ներգրավվածության հնարավորությունը արժեւորել են 8.3 միավորով: Բանկի տեխնիկական գիտելիքի առումով հարցվածների գնահատականները հանգեցրել են 7.6 միջինացված արժեքին:

«Ուսումնասիրության արդյունքները մեզ՝ Համաշխարհային բանկի հայաստանյան թիմի համար շատ ոգեւորիչ են, մասնավորապես հաշվի առնելով այն փաստը, որ գտնվում ենք 2014-17թթ. Ժամանակահատվածը ներառող հաջորդ գործընկերության ռազմավարության մշակման նախաշեմին,» նշեց Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին: «Մեր աշխատակազմը մեր հպարտությունն ու բանկի ֆինանսավորման, գիտելիքի տարածման ու խորհրդատվական ծառայությունների մատուցման գործում հաջողության բանալին է»: 

2009 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո մշակված՝ Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարության» ժամկետը 2013թ. կեսին մոտենում է ավարտվին: Համաշխարհային բանկը կառավարությանն աջակցել է՝ նախատեսելով ՄԶԸ/ՎԶՄԲ 640.6 միլիոն ԱՄՆ դոլար գումարի ընդհանուր հատկացում, որից 277 միլիոն ԱՄՆ դոլարը բաժին է ընկնում ՄԶԸ-ին: Ի լրումն վարկավորման՝ Բանկն ունի 15 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով 16 գործող հավատարմագրային հիմնադրամի գործառնություններ, ինչպես նաեւ իրականացնում է ոլորտային հայտորոշումներ եւ ռազմավարություններ, որոնք հիմնավորում են Բանկի երկխոսությունն ու հնարավոր միջամտությունները:

Ներկայումս Բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է 14 ծրագիր: