Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Աշգաբադում կայացած Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի, ԱՊՀ տարածքում բազմակողմ համագործակցության առանցքային ուղղությունների վերաբերյալ:

ԱԳ նախարարները մասնավորապես քննարկեցին գործող թուրքմենական նախագահության կողմից նախաձեռնած ԱՊՀ-ում համակողմանի համագործակցության հետագա զարգացման մասին հռչակագրի նախագիծը, որը ներառվեց Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի օրակարգում:

Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ նաեւ հումանիտար, բնապահպանական, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին:

Մասնավորապես՝ նիստի ընթացքում քննարկվեցին գալիք տարի «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» միջպետական ծրագրի եւ 2013-2014թթ. ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի իրականացման հարցերը:

Քննարկվեց 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման վերաբերյալ որոշման նախագիծը։

Նախարարական հանդիպման ուշադրության կենտրոնում էր նաեւ ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմինների աշխատանքը: Մասնավորապես՝ արտգործնախարարներն անդրադարձան ԱՊՀ մասնակից երկրների պետական եւ հասարակական հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի գործունեությանը։

Աշգաբադում կայացավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը 2013թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերջերս կայացած հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Նախարարներ Նալբանդյանն ու Գրիշչենկոն անդրադարձան դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին։