Հայաստանում զինվորական ծառայությունից, եւ զինվորականների կողմից վերահսկվող այլընտրանքային ծառայությունից հրաժարված երկու երիտասարդների բանտարկել են նոյեմբերին, որի արդյունքում Հայաստանում կրոնական հիմքի վրա բանտարկյալների թիվը հասել է 31-ի: Նրանք բոլորն էլ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են: Այս մասին հաղորդում է աշխարհում դավանանքի ազատության հարցերով զբաղվող նորվեգական «Forum 18» կազմակերպության կայքը:
Ըստ այդմ, եւս 15 դատապարտյալներ, ամենայն հավանականությամբ, շուտով նույնպես կհայտնվեն բանտում, եթե նրանց վերաքննիչ բողոքները արդյունքի չհանգեցնեն:
Նոր բանտարկությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը 4-րդ անգամ պարտվում է Ստրասբուրգի Եվրոպական դատարանում Եհովայի վկաների հայցերով, ովքեր կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվել էին ծառայել բանակում կամ զինվորական վերահսկողության ներքո
«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամները «Forum 18»-ին հայտնել են, որ 2011-ի հուլիսին, կրոնական համոզմունքներից ելնելով ծառայությունից հրաժարված Վահան Բայաթյանի օգտին ընդունված Եվրոպական դատարանի վճռից հետո դատապարտված յուրաքանչյուր բանտարկյալ նմանօրինակ հայցով կդիմի Եվրադատարան: 14 մարդ արդեն դիմել է ՄԻԵԴ, եւս 10 հոգի պատրաստում են իրենց հայցերը:
«Որեւէ այլ միջոց չէր ստիպի Հայաստանի կառավարությանը՝ շտկել իրավիճակը, ուստի մենք հույս ունենք, որ Եվրադատարանի կրկնվող որոշումները կշտկեն վիճակը»,- «Forum-18»-ի թղթակցին հայտնել է հայաստանյան «Եհովայի վկաներից» մեկը, ով անցնում է նմանատիպ գործով:
Թեեւ Հայաստանը ԵԽ անդամ դառնալիս, 2004 թվականին պարտավորվել է քաղաքացիական, ոչ զինվորական այլընտրանքային ծառայություն մտցնել երկրում, սակայն դա չի արել: 2003 թվականին ընդունված «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով այլընտրանքային ծառայությունը թողնվել է ՊՆ-ի վերահսկողության ներքո, ինչն անընդունելի է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայություն չընդունողների համար:
Միջազգային կառույցները բազմիցս քննադատել են Հայաստանին, այդ պարտավորությունը չկատարելու համար: Հայաստանի արդարադատության նախարարությունը արդեն վաղուց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ է պատրաստում՝ ՊՆ-ի եւ այլ գերատեսչությունների մասնակցությամբ:
ՊՆ իրավաբանական բաժնի ղեկավար, փոխգնդապետ Սեդրակ Սեդրակյանը պնդում է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը պետք է գտնվի ՊՆ-ի, այլ ոչ՝ Առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարությունների հսկողության տակ:




























