Vogue ամսագրի ամերիկյան տարբերակի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը կարող է Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան նշանակվել:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, նորաձեւության համաշխարհային ինդուստրիայում ամենաազդեցիկ դեմքերից մեկը կարող է ԱՄՆ դեսպան նշանակվել, որով Օբաման նրան շնորհակալություն կհայտնի իր ընտրարշավի համար միջոցներ հավաքելու համար: Որոշ տվյալներով, Վինտուրը կարողացել է Օբամայի ընտրարշավի համար ավելի քան 500 հազար դոլար հավաքել:

Սենթ-Ջեյմի պալատում ԱՄՆ դեսպանի պաշտոնի մյուս թեկնածուն, պարբերականի տվյալներով, ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի ֆինանսների գծով կոմիտեի ղեկավար Մեթյու Բարզունն է:

Bloomberg-ի անանուն աղբյուրների խոսքով, Բարզունը, ով նույնպես Օբամայի ընտարշավի համար շուրջ 500 հազար դոլար է հավաքել, շատ է շահագրգռված այդ պաշտոնն ստանալու հարցում: Փարիզում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար պայքարում է Avenue Capital Management ներդրումային ընկերության հիմնադիր Մարք Լասրին:

Աննա Վինտուրը ծնվել է Մեծ Բրիտանիայում, սակայն ԱՄՆ քաղաքացի է: Ամերիկյան Vogue-ը գլխավորելով 39 տարեկանում, նա այն վերածել է մոդայի աշխարհում ամենաազդեցիկ ամսագրի:

Նախընտրական շտաբի անդամներին տարբեր երկրներում դեսպաններ նշանակելու ավանդույթը վաղուց գոյություն ունի ԱՄՆ-ում, որով հաղթող թեկնածուն շնորհակալություն է հայտնում նրանց: