Փոխանակ շնորհավորեն նորընտիր ՀՀԿ-ական պատգամավորներին հաղթանակի առթիվ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները շարունակում են խոսել ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների եւ այն մասին, թե ինչ լավն էին իրենց թեկնածուները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ մեկնաբանելով պատգամավորներ Արամ Մանուկյանի (ՀԱԿ) եւ Թեւան Պողոսյանի («Ժառանգություն») հայտարարությունները:
«Շատ գովեցին Ստյոպա Սաֆարյանին որպես քաղաքական գործիչ, բայց գովելու փոխարեն, թող նրան ներառեին կուսակցական ցուցակում եւ նա հիմա պատգամավոր կլիներ: Ինչո՞ւ են նրան թողել, որպեսզի նա առաջադրվի մեծամասնական ընտրակարգով: «Ժառանգությունն» այնքան ձայն էր ստացել, որքան ստացավ Ստեփան Սաֆարյանը»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրություններին, Սուքիաս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ինչու են անհարմար վիճակում դրել ՀԱԿ-ի թեկնածու Մուրադ Գրիգորյանին: «Արդեն 10 տարի դուք նրան պատգամավորի թեկնածու եք առաջադրում, բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ իր գյուղում Մուրադ Գրիգորյանը պարտվել է: Առաջադրում եք թեկնածուի, բայց ոչ մի կերպ նրան չեք օգնում»,-ընդգծեց նա, խորհուրդ տալով ընդդիմությանը հանել սեւ ակնոցները եւ նայել իրական իրավիճակին:
Սուքիաս Ավետիսյանի բորբոքված ելույթին միջամտեց ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանը, նշելով, որ «Ավետիսյանին բարկացնում են, որպեսզի նա ասի ճշմարտությունը»:





























