Գերմանական «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցությունը Հանովերում կայացած համագումարում 7-րդ անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ընտրել է կուսակցության նախագահի պաշտոնում: Նա ստացել է համագումարի պատվիրակների 97,94 տոկոսի աջակցությունը: Բացի այդ, ընտրվել են նաեւ կուսակցական ղեկավարության այլ ներկայացուցիչներ:

Հաջորդ տարվա աշնանը Գերմանիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հայտնի կդառնա նոր կանցլերի անունը: Մերկելը կանցլերի թեկնածու է լինելու «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»/«Քրիստոնեա-սոցիալական միություն» բլոկի կողմից:

Այդ պաշտոնի համար պայքարում Մերկելի հակառակորդը ֆինանսների նախկին նախարար Փեեր Շթայնբրյուքն է, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից, հաղորդում է KM.RU-ն:

Անգելա Մերկելը Գերմանիայի պատմության մեջ առաջին կին կանցլերն է: Այդ պաշտոնը նրան բաժին է հասել 2005-ին: Եթե ՔԴՄ-ՔՍՄ դաշինքը հաղթի ընտրություններում, Մերկելը երրորդ անգամ անընդմեջ կղեկավարի երկրի կառավարությունը: