Աշխարհում խոշորագույն սոցիալական Facebook ցանցն օգտատերերի շրջանում հերթական քվեարկությունն է կազմակերպել` ծառայության օգտագործման կանոնների փոփոխության եւ անձնական տվյալների պահպանության նորմերի վերաբերյալ: Քվեարկությունը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 10 –ը, նշվում է Facebook-ի կայքում:
Քվեարկության կանոնների համաձայն` փոփոխությունները կընդունվեն, եթե քվեարկեն օգտատերերի 30%-ը (մոտ 330 մլն մարդ), եւ նրանց մեծամասնությունը կողմ արտահայտվի:
Նոյեմբերի 21-ին սոցցանցն առաջարկել էր կայքի կանոնների նոր տարբերակը, որով Facebook-ին է վերապահվում իր ստորաբաժանումների հետ օգտատերերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման իարվունքը: Առաջարկվում է նաեւ մասնակիորեն հանել օգտատերերի միջեւ հաղորդակցության փոխանակման նկատմամբ սահմանափակումը:
Ի վերջո, հարկ է նշել, որ այս քվերակությունը կարող է վերջինը լինել, քանի որ փոփոխություններից մեկով առաջարկվում է չեղյալ համարել քվեարկության գործընթացը: Facebook-ը պնդում է, որ նման ընթացակարգի արդյունավետությունը նվազում է օգտատերերի աճող թվի պատճառով:




























