Ամերիկյան Հարավային Քարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի դաշնային դատարանում հայ քաղաքացու նկատմամբ դատական գործընթաց է սկսվել, որին ի թիվս այլոց, մեղադրում են Իրանի հետ առեւտրի էմբարգոն խախտելու համար:
Ինչպես հայտնում է ամերիկյան «The Post and Courier» թերթը, «Delfin Group USA» ընկերության նախկին նախագահը մեղադրվում է նրանում, որ իր ընկերության արտադրանքը արտահանել է Իրան՝ չնայած գործող արգելքին:
Դատավարության առաջին օրը Չարլսթոնում դատախազները Բաղդասարյանին բնութագրել են որպես խորամանկ եւ հնարամիտ գործարար, ով շատ բաների է գնացել, որպեսզի իր արտադրանքը վաճառի ԱՄՆ-ի բիզնեսի համար փակ երկրում: Իսկ ահա Բաղդասարյանի դատապաշտպանը նրան համարել է մի մարդ, ով իր գործերը վարում է բոլոր կանոնների համաձայն եւ ով «բարեխղճության մարմնացում է»:
Հայ գործարարին սպառնում է 25 տարվա ազատազրկում եւ 1,2 մլն դոլար տուգանք: Բաղդասարյանը մեղադրվում է երեք հոդվածներով՝ հանցավոր համաձայնություն՝ Իրանի հետ առեւտրի էմբարգոն խախտելու նպատակով, ապրանքների ապօրինի արտահանում իրան եւ դաշնային փաստաթղթերում կեղծ տեղեկությունների հաղորդում:
Բաղդասարյանի կալանավորումից հետո, «Delfin Group USA» ընկերությունը նրան վարչական արձակուրդ է ձեւակերպել: Սպասվում է, որ դատավարությունը կտեւի 4-5 օր:





























