2001 թվականի սեպտեմբերի 11-ին, Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ահաբեկչությունների թիվը տարեցտարի աճում է, ինչի մասին վկայում է նոր Ահաբեկչության գլոբալ ինդեքսը:

Ընդ որում, ահաբեկչության զոհերի թիվը 2007-ի համեմատ նվազել է 25 տոկոսով, ինչը համընկնում է Իրաքում պատերազմի ավարտի հետ: Այդուհանդերձ, այսօր էլ Իրաքը ահաբեկչությունից առավել տուժած երկրների ցանկի առաջին տեղում է:

Ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները առաջին տեղում են՝ ահաբեկիչների ձեռքով սպանված քաղաքացիների թվով:

Ահաբեկչության գլոբալ ինդեքսի մշակողների խոսքով, սա առաջին ինդեքսն է, որը ներկայացնում է երկրները ահաբեկիչների գործունեության հետեւանքներից ելնելով եւ դրանով պայմանավորված տնտեսական եւ սոցիալական ասպեկտները:

158 երկրների գնահատականները ներառում են ահաբեկչական միջադեպերը, մահերը, վիրավորների թիվը եւ այլն: Ահաբեկչության գլոբալ ինդեքսը վերլուծում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի մակարդակը, կառավարման արդյունավետությունը:

Նշենք, որ 2011 թվականին աշխարհում ահաբեկչությունից առավել շատ տուժել են Հնդկաստանը, Պակիստանը եւ Ռուսաստանը: Ընդհանուր առմամբ, 2011-ին ահաբեկչությանը զոհ է գնացել 7,473 մարդ:

Ահաբեկչության գլոբալ ինդեքսի համաձայն, Վրաստանը գտնվում է 42-րդ տեղում եւ Հարավային Կովկասի ամենավտանգավոր երկիրն է՝ ահաբեկչության սպառնալիքի տեսանկյունից: Ադրբեջանը 81-րդ տեղում է, իսկ Հայաստանը, զբաղեցնելով վարմանիշի 97-րդ հորիզոնականը, տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է ահաբեկչության սպառնալիքի տեսանկյունից: