Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի՝ Համաշխարհային բանկին անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելությանը: Կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումները եւ կառուցվածքային փոփոխությունները դժվար է պատկերացնել առանց Համաշխարհային բանկի գործուն մասնակցության: Գաղտնիք չէ, որ անցումային երկրների համար կարեւորագույն խնդիր է՝ հավաքագրել բարեփոխումների ներուժը եւ այն ուղղել այնպիսի փոփոխությունների իրականացմանը, որոնք իրենց վրա կզգան մեր քաղաքացիները: Համաշխարհային բանկի առաքելությունը կայանում է հենց դրանում՝ օգնել բազմապատկելու առկա ներուժը, որպեսզի արդյունքերը լինեն շոշափելի: Գրեթե չկա մի ոլորտ, որտեղ չենք ստացել Համաշխարհային բանկի էական օժանդակությունը. սկսած աղետի գոտում աշխատանքների կազմակերպումից՝ ավարտված ֆինանսական ոլորտով: Ուրախ եմ, որ մենք Համաշխարհային բանկի հետ չունենք ձախողված որեւէ ծրագիր: Այս տարիների ընթացքում մեր աշխատանքը եղել է հավաքական՝ նվիրված պետության ամրապնդմանը: Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Համաշխարհային բանկը հուսալի գործընկերներ են եւ մենք խիստ շահագրգիռ ենք, որպեսզի մեր համատեղ ծրագրերը շարունակվեն ու արդյունավետությամբ ներդրվեն Հայաստանում: Մենք դեռեւս ունենք անցնելու երկար ճանապարհ»:
Վարչապետը ներկաներին տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի թիմի հետ հետաքրքիր քննարկում է տեղի ունեցել՝ երկկողմ ապագա համագործակցության վերաբերյալ. ներկայացվել են բանկի ներկայացուցիչների մասնագիտռական վերլուծությունները՝ Հայաստանի առջեւ ծառացած նոր մարտահրավերների, դրանց լուծման եղանակների եւ գործիքակազմի վերաբերյալ:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի բոլոր աշխատակիցներին՝ բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափիի գլխավորությամբ, արդյունավետ համագործակցության եւ կատարված աշխատանքների համար:




























