Ամբողջ աշխարհում իշխանությունը կողմ է քվեարկում բյուջեին, ընդդիմությունը` դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով 2013թ պետական բյուջեի նախագծին ԱԺ 4 խմբակցությունների («Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն») դեմ քվեարկելու հայտարարությունը:
«4-5 խմբակցությունով իրար հետ միասին մեր չափ չկան, ինչ անենք: Մենք կոալիցիա ենք, ընտրությունների արդյունքում մենք ենք հաղթել, բնական է, որ մեր բյուջեն պետք է անցնի: Բնական է, որ իրենք դեմ են քվեարկում, բայց որ քննադատում են եւ այս ամբողջ շրջանում բացի քննադատելուց այլընտրանքային բյուջե չեն ներկայացնում, շատ վատ է»,- ասաց նա` շեշտելով, որ քննադատելը շատ հեշտ է, պետք է նաեւ առաջարկել:
Էդուարդ Շարմազանովի խոսքով` ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ ընդդիմությունը ներկայացնում է բյուջեի իր տարբերակը: «Քանի որ չեն ներկայացրել բյուջեի այլընտրանքային տարբերակ, խելոք թող դեմ քվեարկեն, իրենց խնդիրն է, մենք կողմ ենք քվեարկելու, քանի որ այս տարբերակով սրանից իրատեսական բյուջե չենք կարծում, որ կարող է լինել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա շեշտեց, որ 2013թ բյուջեն իրատեսական է, որեւէ բանով չի զիջում 2012թ բյուջեից, ծախսային մասը բավականին աճել է, անվտանգության, պաշտպանության գծով հատկացումը ավելի շատ է, առաջին անգամ բյուջեով նախատեսված է ռիսկերը, սոցիալական ծրագրերը կրճատաված չեն:
«Մենք չենք ասում, թե չտեսնված, հիասքանչ բյուջե է, բայց այս պահին այդ բյուջեն իրատեսական է, եւ եթե իրենք ուզում էին ավելի լավ բյուջե, կարող էին ներկայացնել բյուջեի այլընտրանքային տարբերակ»,- ասաց նա:




























