«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի ունեցած ընդլայնված քաղաքական խորհրդի հերթական նիստին անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՕԵԿ լրատվական ծառայությունից:

Կարեւորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը` ՕԵԿ քաղխորհուրդը լսել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եւ Մհեր Շահգելդյանի հաղորդումը ՕԵԿ-ՀՅԴ խորհրդակցությունների մասին:

Կարծիքների ամփոփումից հետո ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշել է. ՀՅԴ ներկայացրած 7 առաջարկություններից առաջին երկու հարցերի վերաբերյալ, այն է` անցում խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքին եւ կառավարման խորհրդարանական համակարգին, «Օրինաց երկիր» կուսակցությունն արդեն իսկ արտահայտել է իր տեսակետը: Ըստ այդմ` հավատարիմ իր քաղաքական կուրսին եւ մինչ այժմ գործադրած ջանքերին, կարեւորելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործման գործում համամասնական ընտրակարգի շարունակական մեծացման անհրաժեշտությունը` կուսակցության քաղխորհուրդը նշել է. որ խնդրի քննարկմանը նպատակահարմար է անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո` պատրաստակամություն հայտնելով այլ ուժերի հետ միասին շարունակել խորհրդակցությունների գործընթացը մեծամասնական ընտրատարածքների հետեւողական նվազման եւ հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել ընդգրկուն համամասնական ընտրակարգի գերակայություն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ՀՅԴ առաջարկին, ապա այն համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաեւ ժամանակավրեպ եւ անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում:

«Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ եւ ժողովրդավարական իշխանություն: «Օրինաց երկիր» կուսակցությունը, ՀՀ-ին համարելով ԼՂՀ անվտանգության հիմնական երաշխավոր, այդուհանդերձ, ներկայում նպատակահարմար չի գտնոմ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը, քանի որ այն դեֆակտո առկա է: Իսկ նման փաստաթղթի ստորագրումը այսօր ոչ միայն չի բարձրացնի ԼՂՀ անվտանգության մակարդակը, այլ նաեւ կարող է հիմնախնդիրներ առաջացնել Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացում»:

Կուսակցությունը փաստում է, որ Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացում հայկական դիրքորոշումները մինչ այժմ  միանշանակորեն դրական են գնահատվել աշխարհի ուժային կենտրոնների եւ միջազգային հանրության կողմից` ամրապնդելով ՀՀ դիրքերը: Եվ մենք պետք է շարունակենք մեր արժանապատիվ պայքարը համահայկական գաղափարների եւ շահերի լիակտար իրականացման նպատակով, ինչը առաջնային քաղաքական գերակայություն է ՕԵԿ-ի համար: