Ամերիկացի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի անդամ Ադամ Շիֆը այսօր ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել ուղղված Ադրբեջանի ռազմական կարիքներին
ամերիկյան օգնությունը, հաղորդում ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Շիֆի հայտարարությունը հետեւել է Ադրբեջանի նախագահի կողմից հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշմանը: Ալիեւը ոչ միայն ներում է շնորհել մարդասպանին, այլեւ բարձրացրել է նրա զինվորական կոչումը:
«Մենք միանում ենք կոնգրեսական Շիֆին, ով բողոքում է ամերիկացի հարկատուների գումարները բացահայտ ագրեսիվ ադրբեջանական ռեժիմին հատկացնելու դեմ, որը հերոս է դարձնում ռասիստ մարդասպաններին եւ սպառնում իր ձեռքի տակ եղած յուրաքանչյուր ռազմական ռեսուրս օգտագործել Արցախի եւ հայաստանի դեմ ագրեսիան վերսկսելու համար»,-հայտարարել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ու հավելել. «Սաֆարովի շուրջ սկանդալը մեզ սովորեցրել է, որ ադրբեջանական բանակը ֆինանսավորելու փոխարեն, ԱՄՆ կառավարությունը պետք է ամբողջապես օգտագործի իր աշխարհաքաղաքական լծակները, որպեսզի արգելափակի Կովկասը պատերազմի մեջ ներքաշելու Բաքվի մտադրությունը»:
Իր հարցման մեջ Ադամ Շիֆն ընդգծում է. «Ադրբեջանն արդարադատության դեմ ամենասարսափելի մեղքն է գործել՝ հերոս հռչակելով սառնասիրտ մարդասպանին: Ակնհայտ է, որ ներդրումները, որոնք մենք արել ենք ադրբեջանական զինված ուժերի ուսուցման գործում, իզուր են անցել: ԱՄՆ-ը չպետք է հանդուրժի Հայաստանի եւ ԼՂ-ի դեմ ագրեսիայի գործողություններ եւ չպետք է թույլ տա, որպեսզի Ադրբեջանի նախագահ Ալիեւի ատելությամբ լի գործողությունները խափանեն բոլոր միջազգային ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Կոնգրեսական Շիֆի ներկայացմամբ, Ադրբեջանը պետք է բարձր գին վճարի իր գործողությունների համար: «Բաքուն Վաշինգթոնից օգնություն է խնդրում անվտանգության ոլորտում ոչ թե այն պատճառով, որ փողի կարիք ունի (դա այդպես չէ), այլ այն պատճառով, որ այդ օգնությունը նշանակում է մերձեցում երկկողմ հարաբերություններում: Դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին, ԱՄՆ-ը կազդարարի Սաֆարովի հարցում իր դժգոհությունը, միաժամանակ հիշեցնելով Ալիեւին, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի Հայաստանի եւ ԼՂ-ի հանդեպ ագրեսիայի որեւէ գործողություն»,-ընդգծել է նա:





























