Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին կտեղակայվեն Patriot հրթիռներ: Նման որոշում է կայացվել Բրյուսելում ՆԱՏՕ-ի նիստի ընթացքում: 
ՆԱՏՕ-ի հրամանատարությունը վստահեցրել է, որ հրթիռները Թուրքիային կտրամադրվեն բացառապես պաշտպանական նպատակներով, իսկ դրանց առկայությունը չի ենթադրում ոչ թռիչքային գոտու ստեղծում: Բրյուսելում հանդիպումն անցել է Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի ձեւաչափով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ  նախարարները միաձայն մտահոգություն են հայտնել Դամասկոսի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման առթիվ, հայտնում է  «Նոր տարածաշրջանը»:

Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել սիրիական սահմանում սպառազինում տեղակայելու առնչությամբ, հաղորդում է «Առաջին ալիքը»:

Քիմիական զենքի վերաբերյալ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես վերստուգում է քիմիական զենքի տեղակայման վերաբերյալ լուրերը, եւ միշտ էլ հավաստիացում է ստանում, որ ոչ մի նման բան չի նախատեսվում եւ չի կարող նախատեսվել:

Հիշեցնենք, Սիրիայի ԱԳՆ-ն բացառել էր արտաքին միջամտության բացակայության պարագայում քիմիական զենքի կիրառումը: ԱԳՆ-ի աղբյուրն ընդգծել էր, որ սիրիական ղեկավարությունը պայքարում է «Ալ Կաիդայի» եւ դրա հետ կապված կազմակերպությունների, այլ ոչ թե սեփական ժողովրդի դեմ: