Եգիպտոսում 100 հազար մարդ մասնակցել է Մուհամեդ Մուրսիի դեմ ցույցերին: Կահիրեում ցուցարարները շրջապատել են նախագահական պալատը` պետության ղեկավարին կոչ անելով հրաժարական տալ: Անվտանգության ծառայությանը հաջողվել է հեռացնել ամբոխին: Կան տասնյակ վիրավորներ: Բախումներն սկսվելուն պես Մուրսին լքել է նստավայրը:
Հարյուրավոր մարդիկ պահանջում են «նոր փարավոնի» հրաժարականը: Կահիրեի Գելիոպոլիս թաղամասի «Ալ Իթիհադիա» պալատն արցունքաբեր գազով է պարուրված: 2011թ. փետրվարին այստեղից փախել էր Մուբարաքը: Այժմ թիկնազորի ուղեկցությամբ այն լքել է Մուրսին, հաղորդում է vesti.ru-ն:
Դեռեւս նախօրեին Եգիպտոսի Գերագույն դատարանի դատավորների մի մասը կոչ էին արել դեկտեմբերի 15-ին բոյկոտել երկրի նոր սահմանադրության հանրաքվեն: Դատավորներին էին միացել լրագրողները: 23 թերթ լույս չեն տեսել: Դեկտեմբերի 5-ին չեն աշխատի հիմնական մի քանի հեռուստաալիքներ:
Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների աշխուժությունն ամեն րոպե սպառնում է վերաճել քաղաքացիական բախման` այդպիսով սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանի երբեմնի ամենաազդեցիկ երկրի դեռեւս չձեւավորված պետական մեխանիզմի գոյությունը:





























