116 տարեկան հասակում մահացել է մոլորակի ամենատարեց կինը: Բես Կուպերը մահացել է դեկտեմբերի 4-ին` ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի ծերանոցում, որտեղ ապրում էր վերջին տասը տարիներին՝ ամուսնու մահից հետո:
Կուպերը Երկրի ամենատարեց կնոջ կարգավիճակը ստացել էր 2011թ. հունվարին՝ մեկ այլ ամերիկուհու՝ Յունիս Սենբորնի մահից հետո, գրում է Reuters-ը:
Կուպերն ուներ մրցակիցներ: Նրան ամենատարեցը հայտարարել էին 2011թ. հունվարին: Իսկ այդ տարվա մայիսին Գինեսի գիրքն իմացել էր, որ Բրազիլիայից Մարիա Գոմեշ Վալենտինան Կուպերից 48 օր մեծ է: Սակայն մեկ ամիս անց Վալենտինան մահացել էր, հայտնում է BFM.RU-ն:
2012 թ. հոկտեմբերին էլ,ըստ վրացական լրատվամիջոցների, Սաչինո գյուղում 133 տարեկան հասակում մահացել էր մոլորակի ամենատարեց կին Անթիսա Խվիչավան: Այն ժամանակ Վրաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել էին Գինեսի ռեկորդների գրքին` ամենատարեց կնոջ հավաստագիրը ստանալու համար:
Կուպերի մահից հետո մոլորակի ամենատարեց մարդու տիտղոսը փոխանցվել էր 115-ամյա Դինա Մանֆրեդինին, որն ապրում է Այհովա նահանգում: Ամենատարեց տղամարդը ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է, որը Մանֆրեդինից երկու շաբաթ երիտասարդ է:




























