Հայաստանին Ռուսաստանի հուսալի գործընկեր է համարում ռուսաստանցիների 5%-ը միայն: Նման ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Հայաստանի նախագահին վստահում է ռուսաստանցիների 3%-ը, մեր երկիրը կայուն եւ հաջողակ է համարում պատասխանողների 7%-ը, ժամանակակից՝ 5%-ից ոչ ավելին:

Ցուցակում առաջատարն են Մաքսային Միության երկրները: Բելառուսին ամենակայուն գործընկեր է համարում պատասխանողների  46%-ը, Ղազախստանին՝ 38%-ը: Առաջատարների եռյակը եզրափակում է Ուկրաինան, ում վստահում է ռուսաստանցիների 17%-ը: Ղրղըզստանն ու Ադրբեջանը չորսական տոկոս են ստացել, Ուզբեկստանը՝ 3, Մոլդովան, Թուրքմենիան եւ Տաջիկստանը՝ երկուական: Հետխորհրդային տարածքում ամենաանվստահելին Վրաստանն է՝ 1%:

Ռուսները գնահատել են նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարներին. ամենավստահելին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն  են (34% եւ 31%): Հաջորդում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը (12%), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը (5%), Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ղրղըզստանի  նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը (3-ական տոկոս), Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը (2-ական տոկոս): Ամենաքիչն ստացել են Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին եւ Վրաստանի նախագահ Միլայիլ Սահակաշվիլին:

Բելառուսն ու Ղազախստանն առաջատար են նաեւ կայունության եւ հաջողակության վարկանիշում՝ ստանալով, համապատասխանաբար, 45% եւ 33%-ի ձայնը: Երրորդ տեղում Ուկրաինան է  (19%): Հաջորդում են Հայաստանը (7%), Ադրբեջանը (6%), Վրաստանը  (5%), Թուրքմենիան (4%), Ղրղըզստանը, Մոլդովան եւ Ուզբեկստանը (3-ական տոկոս), Տաջիկստանը (1%), գրում է Regions.Ru-ն:

Բելառուսն ու Ղազախստանը նաեւ առաջինն են արդիականացման առումով՝  30% եւ 23:  Ուկրաինան երրորդ տեղում է՝ 14%: ԱՊՀ մնացած երկրները 5%-ից ոչ բարձր ցուցանիշ են հավաքել:

Հարցումն անցկացվել է 2012-ի նոյեմբերի 24-25-ին: Մասնակցել է 1600 մարդ: Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,4%-ը: