Հայաստանում գործազրկությունը երիտասարդության շրջանում կազմում է 60%: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ բուհերում կրթում են կադրեր, որոնք հետագայում գործազուրկներ են դառնալու: «Հայաստանը զարգացած երկրների համար կադրերի դոնոր է դարձել»,- ասաց Թ. Մանասերյանը, նշելով, որ զարգացած երկրները բացել են իրենց սահմանները զարգացող երկրների որակավորում ունեցող կադրերի առջեւ:
Ըստ Թ. Մանասերյանի՝ պետք է օգնել կառավարությանը այնպիսի ծրագիր մշակելու հարցում, որը կկանխեր կադրերի արտահոսքը երկրից:
«Ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանը պարտավոր է երկնիշ զարգացում ունենալ, այս 7%-ը կրիայի քայլեր են»,- ասաց Թ. Մանասերյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























