Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է ավելի ուշադիր հաշվել իր անօդաչու թռչող սարքերը: Նման հայտարարությամբ դեկտեմբերի 5-ին հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի գծով ներկայացուցիչ, գեներալ Ռամադան Շարիֆը՝ մեկնաբանելով անօդաչու թռչող սարքի կորստի վերաբերյալ ԱՄՆ-ի հերքումը:

«Վաղ թե ուշ ամերիկացիները ստիպված կլինեն խոստովանել, որ իրենց սարքն է, իսկ այժմ ԱՄՆ-ին առաջարկում ենք ավելի ուշադիր հաշվել անօդաչու թռչող սարքերը», - ասել է Շարիֆը արբանյակային «Ալ Ալամ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում: Նա հավելել է, որ ScanEagle սարքը մի քանի օր իրանական տարածքում տվյալներ էր հավաքում, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին Իրանի ռազմական հրամանատարությունը հայտնել էր ամերիկյան ScanEagle անօդաչու սարք որսալու մասին:

Մինչդեռ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հերքել էր սարքը կորցնելու մասին լուրը՝ հայտարարելով, որ դրանք բոլորը խիստ հաշվառման տակ են, ուստի դրա անհետացումն իսկույն կնկատվեր:

Այսօր Իրանի իշխանությունները հայտնել էին, որ իրանցի մասնագետները կարողացել են մուտք գործել ենթադրյալ ամերիկյան անօդաչու թռչող սարքի տեղեկատվության գաղտնի կրիչներ: