«Ժառանգություն»  կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ստեփան Սաֆարյանը:

Թե ինչ պահանջով է նա դիմում դատարաններ, առայժմ ցանկանում է անակնկալ պահել իշխանությունների համար: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ բավական մեծ հիմքեր ունի՝ դիմելու Սահմանադրական դատարան, դեկտեմբերի 2-ին ընտրություններին տեղի են ունեցել մասշտաբային խախտումներ, օրենքով արգելված քարոզչություն, որը իրականացվել է ստվերային դաշտում:

Եվրոպական դատարան դիմումը կապված է իր իրավունքների խախտումների հետ, մասնավորապես այն, որ պետական մարմինների անգործության պատճառով հնարավորություն չի ունեցել բողոքարկելու որոշումները: Նա պահանջելու է, որ Եվրոպական դատարանում իրեն գումարը փոխհատուցվի Տարոն Մարգարյանի եւ Տիգրան Մուկուչյանի գրպանից: Ստեփան Սաֆարյանը չի դիմել վերահաշվարկի համար, որովհետեւ իր վստահված անձինք, հանձնաժողովի անդամները զրկված են եղել  ընտրությունների ընթացքը վերահսկելու հնարավորությունից: Ստեփան Սաֆարյանը շեշտեց, որ անձնագրերում դրվող դրոշմակնիքների թանաքի ցնդելը եւս պատռահական չի համարում, եւ իրենք դեպքեր են արձանագրել, երբ թանաքը չի ցնդել, այլ պարզապես «չեն խփել»:  «Ամեն ինչ արվեց, որ մինչեւ կեսօր թանաքը ցնդի տեղամասերում:  Կեսօրից հետո հանձնարարվում է տներից բերել սովորական թանաք, գործը արդեն արվել է եւ զարմացած աչուկներով փորձում է ցույց տալ, թե ինչու է թանաքը ցնդել: Ես հասկանում եմ, որ Տիգրան Մուկուչյանը  տարիներ շարունակ հեռուստատեսությամբ թատրոն խաղաց դատական համակարգի վերաբերյալ, բայց ընտրական համակարգում դա չի ներվելու»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Պատգամավորության թեկնածուն նշեց, որ սա ապտակ էր հասարակությանը այն առումով, որ «բերեն պլակատ կախեն, ու պլակատը ընտրվի»: «Ի տարբերություն Ռուբեն Հայրապետյանի ընտրությունների, երբ գործում էր բացարձակապես նրա եւ տվյալ թաղի վարչական ռեսուրսը, այս ընտրությունների ժամանակ մոբիլիզացվել է ամբողջ Երեւանի քաղաքապետարանը: Թեկնածու չէր ընտրվում, Տարոն Մարգարյանի անունն էր ընտրվում, ու անգամ այդ անունը չկարողացավ հավաքել քսան տոկոսից ավել»,- ասաց նա՝ շեշտելով, որ Ռուբեն Հայրապետյանը ավելի շատ ձայն ունի Ավանում, քան Տարոն Մարգարյանը եւ իրականում այնտեղ սարսափի մթնոլորտ է ստեղծել Տարոն Մարգարյանը, ոչ թե Ռուբեն Հայրապետյանը:

Ստեփան Սաֆայանը շեշտեց, որ իշխանությունը պետք է հասկանա, որ իր գործերը բարդ են լինելու  նախագահական ընտրություններին, քանի որ նույնիսկ այս ընտրություններին այսպիսի ճոխ ծախսերի դեպքում, անգամ Տարոն Մարգարյանի անունը բավարար չէր մարդանց տեղամաս բերելու եւ այդ իսկ պատճառով էլ չկարողացան ապահովել քսան տոկոսից ավելի ձայն: Միեւնույն ժամանակ, «Ժառանգության» անդամը նշեց, որ իրենք չկարողացան իրենց ընտրողին համոզել, որ գա տեղամաս, քանի որ մարդիկ հիասթափված են եւ չեն հավատում որեւէ փոփոխության: «Ասում էին տղա ջան, էնտեղ անասուներ են, անասնաբույժ պիտի գնա, դու ո՞ւր ես գնում»,- մեջբերեց նա:

Նա շնորհակալություն հայտնեց ՀԺԿ  եւ  «Հանրապետություն» կուսակցություններին՝ իրեն սատարելու համար:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am