Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին վերադարձել է Կահիրեի իր պալատ, որը նախկինի պես շրջապատված է մի քանի հազար ցուցարարներով: Նախօրեին Մուրսին թիկնազորի ուղեկցությամբ լքել էր նստավայրը:
Reuters-ի տեղեկացմամբ՝ ոստիկանությունը նախկինի պես փորձում է արցունքաբեր գազի օգնությամբ ցրել ցուցարարներին: BBC-ն հայտնում է, որ 18 մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել:
ՆԳՆ-ից հայտնել էին, որ նախագահի հեռանալը բողոքի ցույցի հետ կապված չէր, պարզապես աշխատանքային օրվա ավարտն էր, գրում է gazeta.ru-ն:
Բողոքի ցույցերն սկսվել են երկու շաբաթ առաջ, երբ Մուհամեդ Մուրսին հրապարակել էր իրեն բացառիկ իրավասություններ հատկացնող հայտարարագիր: Դրա դեմ բողոքում են նաեւ Սահմանադրական, Վճռաբեկ եւ Բողոքարկիչ դառարաններն ու որոշ լրատվամիջոցներ: Երկրում բողոքի ցույցերի ընթացքում 500-ից ավելի մարդ է տուժել:
Որոշ տվյալներով Մուրսին այսօր մտադիր է հրաժարվել եգիպտացիների դժգոհությունը հարուցած հրամանագրերից:





























