39-ամյա ամերիկուհի Գրեթխեն Մոլանենը, որը տառապում էր հազվադեպ շեղումով՝ մշտական սեռական գրգռվածությամբ, ինքնասպան է եղել: Նրա մարմինը գտել են Ֆլորիդայի Սփրինգ Հիլ քաղաքի իր տանը:  

Հայտնի չէ, թե ինչ միջոցով է կինն ինքնասպան եղել, գրում է The Tampa Bay Times թերթը: Երկու շաբաթ առաջ Գրեթխենը Facebook-ի իր էջում նկար էր տեղադրել, որում պատկերված էր կապույտ մարզաշապիկով մի կին, ում գլուխը հերմետիկ փաթաթած էր բրեզենտով, իսկ դրա վրայից հակագազ էր հագցրած, ձեռքերն էլ հետեւում կապված էին:

Գրեթխեն Մոլանենը սեռական անհագ գրգռվածությամբ էր տառապում, որը կարելի էր հանել միայն երկարատեւ ձեռնաշարժության (մաստուրբացիա) միջոցով: Թեթեւացումը տեւում էր մի քանի րոպե, հետո անզուսպ սեռաքաղցը կրկին աճում էր, գրում է The Daily Mail-ը:

Մոլանենի սեռական գրգռվածության խնդիրներն սկսվել էին 23 տարեկանից: Առաջին տասը տարին նա չէր հասկանում, թե ինչ է իր հետ կատարվում, չգիտեր՝ ում դիմեր: Հինգ տարի առաջ Մոլանենը հեռուստացույցով մի կնոջ է տեսել, որը պատմել է նման զգացողությունների մասին: Միայն այդ ժամանակ է նա դիմել բժիշկներին, նրան հակադեպրեսանտներ են նշանակել, որոնք միայն մասամբ են նվազեցրել լարվածությունը, հայտնում է  NEWSru.com-ը:

Կնոջ վիճակն այնքան ծանր է եղել, որ նա նախորդ տարի  երեք անգամ փորձել է ինքնասպանություն գործել: Վերջերս նա որոշել է լրագրողներին պատմել իր տխուր պատմությունը, որը հրապարակվել էր  The Tampa Bay Times կայքում՝ նոյեմբերի 30-ին:  

Ամերիկուհին լրագրողներին ասել էր, որ ցանկանում է պատմել իր հիվանդության մասին, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա բժշկական միջամտություն պահանջող լուրջ շեղում է: Համացանցում հոդվածի հայտնվելու հաջորդ օրը նա ինքնասպան էր եղել: