Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, թե Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Նիհաթ Օմերօղլուն չի վայելում ամբողջ հասարակության վստահությունը։

Ստամբուլի  հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակությի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, թե ինքը խորհրդարանում չի քվեարկել Նիահթ Օմերօղլուի օգտին։

«Թուրքիայում Օմբուդսմենը չպետք է ինչ որ վիճելի հարցում կողմնակից եղած լինի, որպեսզի չվնասի նոր ստեղծված ինստիտուտի համբավին։ Խորհրդարանում քվեարկությունը գաղտնի էր, բայց ես բացահայտ ասել եմ, որ նրա օգտին չեմ քվեարկելու։

Ես իմ կարծիքն ասել էի մինչ ընտրությունները եւ հիմա հասարակության արձագանքը տեսնելով՝ իմ տեսակետն ավելի ուժեղացավ»,-նշել է նախարարը։

Նշենք, որ Մարդու իրավունքների գլխավոր պաշտպան ընտրված Նիհաթ Օմերօղլուն  ժամանակին եղել է վճռաբեկ դատարանի այն 18 դատավորների թվին, ովքեր հաստատեցին Հրանտ Դինքի դեմ կայացված ամոթալի վճիռը։