Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է զինվոր Արթուր Քոչարյանի մահվան հետ կապված՝ պաշտպանության նախարարությանը հասցեագրված մեղադրանքները: Իր կարծիքը նախարարը լրագրողներին հայտնել է այսօր՝ դեկտեմբերի 5-ին:

Նախարարի խոսքով՝ թեեւ հիվանդության նշաններն ի հայտ են եկել ծառայության ընթացքում, հիվանդությունն ավելի շուտ է ծագել: Դա հաստատվել է ծառայողական հետաքննության ընթացքում:

«Այժմ լուրեր են պտտվում, որ պաշտպանության նախարարությունը զինվորի բուժման միջոցներ չի ձեռնարկել: Դա այդպես չէ: Առաջին իսկ օրվանից մենք արել ենք՝ ինչ կարողացել ենք», - ասել է Սեյրան Օհանյանը: Նախարարն ընդգծել է, որ թեպետեւ նախարարությունը զինվորի բուժմանն անհրաժեշտ միջոցներ չուներ, այնուամենայնիվ նախնական գումար է հատկացրել, Մոսկվայում զինվորի բուժումը հանձն առած կազմակերպության հետ պայմանագիր է կնքել եւ պարտավորվել վճարել մնացած գումարը: «Սակայն հիվանդությունն այնպիսին էր, որ կատարվեց այն, ինչ կատարվեց: Մենք վշտացած ենք կատարվածի համար, սակայն արել ենք ինչ կարողացել ենք», - ասել է Սեյրան Օհանյանը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունn օրերս հաղորդագրություն էր տարածել Նուբարաշենի զորամասի զինծառայող Արթուր Քոչարյանի վերաբերյալ: Աղբյուրի պնդմամբ՝ զինվորը ծառայության ընթացքում արյան հիվանդություն էր ձեռք բերել, որն ախտորոշվել էր մեկ ամիս ուշացումով:

«Հայրենակից «պրոֆեսիոնալ» բժիշկներն այդքան ժամանակ կարծել են, թե տղան դեղնախտով է հիվանդացել: Երբ պարզվել էր, որ հիվանդ զինվորի ամենաէժան բուժումը Մոսկվայում է եւ արժե 67.000  դոլար, պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Փարսադանյան Ա.-ն եւ աշխատակազմի ղեկավար Հայրապետյան Գ.-ն  խորհուրդ էին տվել հովանավոր գտնել՝ նշելով, որ կարող են միայն 3 մլն դրամ հատկացնել», - հայտնում է Armenian Report-ը: