Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները կայուն զարգացման փուլում են: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ի մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր, հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը:

Նրա գնահատմամբ՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները օր օրի առաջընթաց են գրանցում: «Եթե 2011թ. Հայաստանի եւ Ֆրանսիայի 30 համայնքների միջեւ էին ապակենտրոնացված հարաբերություններ գործում, ապա 2012-ին դրանց թիվը հասել է 45-ի: Մեր նպատակը միայն հայկական սփյուռք ունեցող համայնքների հետ համագործակցությունը չէ: Մեր առաջարկին ի պատասխան ֆրանսիական կողմը կատակով նշեց, որ դժվար կլինի Ֆրանսիայում գտնել այնպիսի համայնք, որտեղ հայեր չլինեն»:

Բաբլոյանը նաեւ նշել է, որ ֆրանսիական կողմի հետ համագործակցության նպատակը ոչ միայն համայնքների միջեւ երկկողմ հարաբերությունների ստեղծումն է, այլեւ  գյուղատնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտում կապերի զարգացումը: