Ֆրանսիայում նոյեմբերի 29-ին կայացած «Ղարաբաղ. Խաղաղություն եւ երկխոսություն» կլոր սեղանի ընթացքում հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի անդամները քաղաքական մի շարք կարեւոր հարցեր են քննարկել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ի մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր, հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը:

Ցուցադրվել է Ղարաբաղի մասին Ցվետանա Պասկալեւայի նկարահանած մի քանի ֆիլմ, դրանց քննարկումն է ծավալվել ադրբեջանա-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի մասնակցությամբ:

Հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի անդամ Մարգարիտ Եսայանի խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանին բարեկամ երկիր է, սակայն գոյություն ունի նաեւ ադրբեջանա-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խումբ, որի անդամների համար ֆավորիտն Ադրբեջանն է: Պատգամավորը նաեւ նշել է, որ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը ֆրանսիացի սենատորներին Ղարաբաղի հարցում անկողմնակալության կոչ են արել՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վրա:

«Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն իր հերթին հավելել է, որ հայկական կողմը մատնանշել է Ալիեւ կրտսերի օրոք Ադրբեջանում հակահայ հռետորաբանության կտրուկ աճը: