Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր քաղաքական ընդդիմախոսին՝ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին առաջարկել է դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել՝ իրենց միջեւ գոյություն ունեցող հակասությունների կարգավորման համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, գրել է Financial Times-ը:
«Վրաստանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է երկրի ներքին խնդիրների վերահոսկողությունը հանձնել նոր կառավարությանը՝ Իվանիշվիլիի գլխավորությամբ, եւ իր նախագահության վերջին ամիսներին ամբողջությամբ կենտրոնանալ միջազգային հարաբերությունների վրա: Սահակաշվիլիի նախագահության ժամկետն ավարտվում է 2013-ի հոկտեմբերին: Սահակաշվիլին կոչ է արել դեմ առ դեմ բանակցություններ վարել, որպեսզի վերջ դնի քաղաքական փակուղային իրավիճակին»,-գրում է պարբերականը:
Թերթի փոխանցմամբ, Սահակաշվիլին զգուշանում է, որ իր եւ նոր վարչապետի միջեւ առկա կոնֆլիկտը կարող է ստիպել արեւմտյան երկրներին հրաժարվել օժանդակել Վրաստանին:
Վրաստանի նախագահի խոսքով, դա կթուլացնի Վրաստանի դիրքերը Ռուսաստանին դիմակայելու հարցում, ում նա համարում է իր գլխավոր հակառակորդը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
«Իվանիշվիլիի մամուլի հետ կապերի ներկայացուցիչը կասկածի տակ է առել խաղաղ գոյակցությանը միտված նախագահի առաջարկությունը: Նա հայտարարել է, որ վարչապետը զգուշանում է պատային իրավիճակի ստեղծումից եւ «կասկածում առողջ գոյակցության Սահակաշվիլիի ունակությանը»:




























