ԱՄՆ-ում բնակվող հայ հայտնի նկարիչ Էմիլ Գազազը 2013-ի փետրվարի սկզբին մտադիր է այցելել Հայաստան՝ իր անվան՝ Emil Kazaz Gallery պատկերասրահ բացելու:

Պատկերասրահում կներկայացվեն նկարչի գեղանկարչական, գրաֆիկական եւ քանդակագործական աշխատանքները, որոնք նախկինում Հայաստանում չեն ցուցադրվել: 

Պատկերասրահի բացումը նվիրված է նկարչի 60-ամյակին եւ ստեղծագործական ուղու 35-ամյակին: Էմիլ Գազազն այցելուներին անձամբ կպատմի իր արվեստի եւ առավել հայտնի գործերի մասին:

Էմիլ Գազազը (Էմանուել Գազազյան) ծնվել է  1953թ. Գյումրիում: 1972-ին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1978-ին՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1980թ. հաստատվել է ԱՄՆ-ում:

Նրա աշխատանքները տարբեր ժամանակներում ցուցադրվել են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում:

2003թ. նկարիչ-քանդակագործը Ֆլորենցիայում պարգեւատրվել է Լորենցո Մեդիչիի մեդալով եւ մրցանակով՝  «Լավագույն քանդակագործ» անվանակարգում:  Հայրենիք-Սփյուռք համագործակցությանն աջակցելու եւ հայապահպանման գործում ավանդի համար Էմիլ Գազազը պարգեւատրվել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով: