Սահմանադրական դատարանը պատասխան կտա հարցին, թե արդյոք խախտվե՞լ են սահմանադրական նորմերը, երբ ԱԺ արտահերթ նիստը չի կայացել: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՍԴ դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը:

Դիտարկմանը, թե նոյեմբերի 21-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը ձախողել է խորհրդարանական մեծամասնությունը՝ չապահովելով քվորում, Սահակյանն արձագանքեց, որ ՀՀԿ-ն չէ ԱԺ արտահերթ նիստը ձախողելու պատճառը: «ՀՀԿ-ն ոչինչ չի ձախողել, ՀՀԿ-ն կարգավորում է քաղաքական դաշտը եւ մաքրում այն կոկետությունից, շահարկողներից, ովքեր խաբում են հասարակությանը եւ իմիտատորներից: Մենք չենք խախտում Սահմանադրության նորմերը, մենք պարզապես մեր քաղաքականությունն ենք իրականացնում»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ ազգային կոնգրեսը դեկտեմբերի 5-ին կամ 6-ին կդիմի Սահմանադրական դատարան՝ ԱԺ արտահերթ նիստը ձախողելու փաստի առնչությամբ: ՍԴ դիմելու համար հավաքվել է 34 պատգամավորի ստորագրություն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին տեղի չի ունեցել ՀԱԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, քանի որ այն բոյկոտել են խորհրդարանական մեծամասնության պատգամավորները:

 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի/NEWS.am