Ամստերդամի կենտրոնում հարեւաններին ձանձրացրած  աղմկարար եւ սկանդալային բնակիչները կարող են ուղարկվել նվազագույն հարմարություններով հատուկ թաղամասեր: Հատկապես վտանգի տակ են նույնասեռականներին անհարգալից վերաբերվողները:

Քաղաքապետարանի պատրաստած նախագծում ասված է, որ խուլիգաններին կգտնեն բնակիչների գանգատներն ընդունող քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք որոշ ժամանակ կհետեւեն տվյալ անձանց վարքին, եւ եթե նրանց վարվելակերպը չփոխվի, կվերաբնակեցնեն հատուկ թաղամասերում:

Նախագծի իրագործման համար  մեկ մլն եվրո է անհրաժեշտ: Իշխանությունները պնդում են, որ վերաբնակեցումը կկատարվի բացառիկ դեպքերում. Եթե, օրինակ, վիրավորում են նույնասեռականին կամ սպառնում են քրեական գործի վկային, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով DutchNews.nl-ին:

Ամստերդամի քաղաքապետ Էմբերհարդ վան դեր Լանի խոսքով՝ այժմ անմեղ քաղաքացիները ստիպված չեն լինի փախչել իրենց վտանգավոր հարեւաններից:

Նախագիծն արդեն «բնակավայրեր հասարակության տականքների համար» անվանումն է ստացել: