Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը այդ երկրի օմբուդսմենի հետ՝ Սաֆարովի գործով, դեռեւս չի կայացել: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հունգարիայի «Հայկական ազգային ինքնավարություն» կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը: Հիշեցնենք, որ հանդիպումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, այդ թվում օմբուդսմենի երկրից բացակայելու պատճառով:

Այդուհանդերձ, հայ համայնքը որոշել է չսպասել եւ որոշակի քայլեր է ձեռնարկել: Այսպես, արդեն տեղի է ունեցել հանդիպում փաստաբանի հետ, աշխատանք է տարվում դատարան դիմելու ուղղությամբ, մոտ օրերս եւս մեկ հանդիպում է նախատեսված:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:

Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ազատ էին արձակել, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Սաֆարովի գործի հետ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավասու մարմիններին, այս դեպքում` արդարադատության նախարարությանը հրահանգել էր ձեռնարկել բոլոր միջոցառումները դատական միջազգային ատյաններ դիմելու համար:

Տեղի ունեցածի հետ կապված Հայաստան է այցելել հունգար մտավորականության ներկայացուցիչներից կազմված խումբը, որպեսզի անձամբ հայտարարեն, որ ամաչում են Հունգարիայի իշխանությունների արարքի համար: