Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՊՀ երկրները կհետաքրքրվեն GLONASS գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգով: Այս մասին նա հայտարարել է Աշգաբաթում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում:

«Այդ համակարգի հնարավորությունների իրականացումը շատ առավելություններ կտա նաեւ տնտեսական ոլորտում, որովհետեւ այն կրճատում է բեռների տեղափոխման ծախսերը եւ, իհարկե, կհանգեցնի տրանսպորտի բոլոր տեսակների անվտանգության բարձրացմանը»,-ասել է Պուտինը: Նրա խոսքով, Մոսկվան հույս ունի «նման համակարգեր ներդնել ԱՊՀ երկրներում»:

Աշգաբաթում կայացած նիստում ԱՊՀ ղեկավարները քննարկում են մի շարք արդիական խնդիրներ, այդ թվում իրավապահ մարմինների գործունեության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

ՌԴ նախագահի կարծիքով, ԵԱՀԿ-ն պետք է դադարեցնի սպասարկել առանձին երկրների շահերը: Այդ կազմակերպությունում իրերի այսօրվա դրությունը, ցավոք, լավատեսության հիմք չի տալիս: «ԵԱՀԿ-ն վաղուց պետք է կենտրոնացներ իր ուշադրությունը միավորող օրակարգի վրա»,-ասել է Պուտինը եւ հույս հայտնել, որ հաջորդ տարի, երբ ԵԱՀԿ-ի նախագահությունը կանցնի Ուկրաինային, այդ երկիրը հենց այդպիսի դիրքորոշում կորդեգրի: