Դեկտեմբերի 4-ին «Ալ-Շումուխ» Սուլթանական պալատում Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը` Էլ-Քուվեյթ) իր հավատարմագրերը հանձնեց Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բեն Սայիդ Ալ-Սայիդին: Դեսպան Չարչօղլյանն Օմանի Սուլթանին, ժողովրդին եւ կառավարությանը  փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ջերմ  ողջույններն  ու բարեմաղթանքները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արարողությանը հաջորդած կարճատեւ զրույցի ընթացքում  անդրադարձ կատարվեց Հայաստան-Օման համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին: Այս կապակցությամբ Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանը վերահաստատեց երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների հաստատման եւ խորացման Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին Սուլթան Կաբուս Բեն Սայիդ Ալ-Սայիդը իր լավագույն ցանկությունները փոխանցեց Հայաստանի նախագահին եւ հաջողություններ մաղթեց  նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ: