Հունգարիան Ադրբեջանը Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր է համարում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Բաքվում կայացած ասուլիսում նշել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար, ադրբեջանա-հունգարական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Պիտեր Սիյարտոն:

Նրա խոսքով, հունգարական կողմը շահագրգռված է Nabucco գազատարի նախագծի իրականացմամբ, որով ադրբեջանական գազը կհասնի Կենտրոնական Եվրոպայի երկրներ:

Ադրբեջանա-հունգարական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահը խոսել է նաեւ Azerbaijan-Georgia-Romania Interconnector (AGRI) նախագծի իրականացման մասին, նշելով, որ այդ նախագծի զարգացումն այնքան էլ արագ տեմպերով չի կատարվում, որքան սպասվում էր: AGRI նախագծի շրջանակներում ներկայումս տեխնիկա-տնտեսական հիմնավորումների նախապատրաստական փուլն է ընթանում: Այս փուլում նախագծի մասնակիցները 4-ն են՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Հունգարիան:

Հիշեցնենք, որ Nabucco նախագիծը, որի երկարությունը նախատեսված է 4 հազար կմ, իսկ հզորությունը՝ մինչեւ 31 մլրդ խմ, կոչված է նվազեցնել եվրոպացի սպառողների կախվածությունը գազի նախկին մատակարարներից: ԵՄ-ում բացահայտորեն հայտարարում են, որ Nabucco-ի նպատակը Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումն է: Սակայն այս նախագծի իրագործման հարցում այդպես էլ լուրջ առաջընթաց չգրանցվեց: Քննադատները նշում են, որ այս նախագիծը չափից դուրս թանկ է:

Դեկտեմբերի 3-ին տեղեկություն է հաղորդվել, որ գերմանական RWE ընկերությունը բանակցություններ է վարում Nabucco-ի նախագծից դուրս գալու ուղղությամբ: Բացի RWE-ից, նախագծի բաժնետերեր են նաեւ ավստրիական OMV-ը, հունգարական MOL-ը, թուրքական Botas-ը, բուլղարական BEH-ն ու ռումինական Transgaz-ը: