Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաթ Աբդալան կարգադրել է սկսել եգիպտական ընդդիմության առաջնորդներին վերագրվող պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքների հետաքննությունը:
Գլխավոր դատախազի անունով ներկայացված հայցում նշված է, որ պետական հեղաշրջման նախապատրաստմանն անմիջական մասնակցել են Եգիպտոսի լիբերալ-դեմոկրատական ընդդիմության առաջնորդները՝ ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ Բարադեին, Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան, նաեւ՝ Սեյիդ ալ Բադաուին եւ Եգիպտոսի նախագահի նախկին թեկնածու Համդին Սաբահին, գրում է «Ռուսաստանի ձայնը»:
Վերջին շաբաթներին Եգիպտոսում զանգվածային ցույցեր են անցկացնում երկրի քաղաքական երկու ուժերը: Ընդդիմության շարժումը ղեկավարում են հենց նշված ազդեցիկ գործիչները:
Այս պահին Մուրսիի կողմնակիցներն ու հակառակորդները խմբվում են Կահիրեի Ալ Իթահադ պալատի շուրջ:
«Մահմեդական եղբայրները» մտադիր են այնտեղ նախագահ Մուհամեդ Մուրսիին աջակցող հանրահավաք անցկացնել, ընդդիմությունն էլ ձգտում է հասնել սահմանադրական հանրաքվեն չեղյալ հայտարարելուն, որի նախագիծը քննադատել էր լիբերալ կուսակցությունների մեծամասնությունը:
Նախօրեին սալաֆիները սպառնացել էին «ջիհադ հայտարարել նախագահ Մուրսիի դեմ դուրս եկողներին»:




























